Լրահոս

22.02.2012 12:42


Մտավորականների դիմումը ՀՀ քաղաքացիներին

Մտավորականների դիմումը ՀՀ քաղաքացիներին

Սիրելի հայրենակիցնե՛ր:

         Մենք նորից համապետական ընտրությունների շեմին ենք և կրկին տագնապով են լցվում մեր հոգիները: Արդյո՞ք կարող ենք անկախությունից քսան տարի անց գոնե մեկ անգամ ազատ ընտրություն կատարել և ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:

         Ընդունելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության /ՀԴԿ/ առաջարկը, մենք` ներքոստորագրյալներս, որոշեցինք միասնաբար դիմել ձեզ, հարգելի հայրենակիցնե՛ր:

         Մեր համոզմամբ առաջիկա ընտրությունները շրջադարձային են լինելու ժողովրդի, պետության համար: Կամ մենք փորձելու ենք նախադրյալներ ստեղծել նոր արդար կյանքով ապրելու, կամ…

         Անկախության տարիներին մեր պետականության արատը ժողովրդի և իշխանությունների միջև գոյացած վիհն է, աղետալի սոցիալական բևեռացումը, որի պատճառը ժողովրդից կողոպտած հասարակության մի մասի հարստության ոչ լեգիտիմ լինելն է: Ժողովուրդին, ըստ էության, չգոհացրեցին իշխանությունների  քաղաքականության արդյունքները:

         Հասարակական կյանքում աղավաղվել են բարոյական չափանիշները: Դիմախեղվել է մեր ազգային նկարագիրը, խաթարվել են հոգևոր արժեքները: Կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը մինչ օրս իմիտացիոն բնույթ է կրում: Փաստացի, երկրում բացակայում է հասարակության վերահսկողությունը իշխանության թևերի նկատմամբ: Չի դադարում երկիրն արյունազրկող արտագաղթը:    Պահն է, որ մենք` ՀՀ քաղաքացիներս, մեզ վայել արժանապատվությամբ, թոթափենք վախի զգացումը, չենթարկվենք ճնշումներին ու ընտրակաշառքի, սուտ խոստումների գայթակղություններին, թույլ չտանք, որ փորձեն մեզ պարտադրել /լինի դա գյուղապետ, թաղապետ, մարզպետ, օլիգարխ, քրեածին որևէ տարր/, որ մեր ձայնը այս կամ այն կերպ վաճառվի:

         Դուք պետք է հավատաք ձեր ուժերին:

         Հանուն իրական բարեփոխումների, հանուն ձեր և ձեր երեխաների ապագայի,  ընտրությունը կատարեք ձեր կամքով և խղճի մտոք, գաղափարների և ծրագրերի, դրանք կրողների միջև, մասնագիտական բարձր որակավորում ունեցող, փորձառու ու բարձրաբարո քաղաքական այն ուժերի, այն գործիչների միջև, որոնք ձեր համոզմամբ ի զորու են ու պատրաստակամ արմատապես փոխելու իրավիճակը, ներկայացնելու ռազմավարական այն ծրագիրը, որի կենսագործումով Հայաստանը ձևավորվող աշխարհաքաղաքական նոր համակարգում կգտնի իր արժանի տեղը:

         Հարգելի հայրենակիցնե՛ր: Ձեզանից վանեք ներշնչվող այն մտայնությունը, թե միևնույն է, ձեր ձայնից ոչինչ կախված չէ, որ իբր «վերևներից» ամեն ինչ կանխորոշել են և ոչինչ փոխել հնարավոր չէ: Հավատացեք, դա ձեզ հուսալքելու փորձված միջոց է:

         Արդարության հաստատումը կախված է մեր հավաքական կամքից, «ԵՍ»-ից դեպի «ՄԵՆՔ»-ը գնալու վճռականությունից:

         Այլևս հապաղել չի կարելի: Մեր երկիրը պետք է առաջատարների շարքում լինի:

         Գտնում ենք, որ իշխանությունները, ՀՀ նախագահը, գիտակցելով պահի լրջությունը, կիսելով մեր մտահոգությունները, ընտրություններում մեր ժողովրդի կամարտահայտման համար կստեղծեն բոլոր պայմանները: Ընտրություններում հնի կրկնությունը, կեղծիքներով «հաղթելը», կորստաբեր է և կործանարար:

         Դիմելով Ձեզ, հարգելի ընտրող, հորդորում ենք` հետևել քարոզարշավին, համադրել ձեր պահանջները առաջարկողի բարոյական կերպարին` կայացնելու ինքնուրույն որոշում:

         Ընտրեք, որ չպարտվեք: «ԵՍ» ` «ՄԵՆՔ»-ենք: Իսկ «ՄԵՆՔ» ` բացարձակ մեծամասնություն ենք:

 

 

 

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԽՈՋԱԲԵԿՅԱՆ - ԳԱԱ ակադեմիկոս, ԼԵՆՍԵՐ ԱՂԱԼՈՎՅԱՆ -  ԳԱԱ ակադեմիկոս, ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆ - ԳԱԱ ակադեմիկոս, ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ - Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԷԼՄԻՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ - Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ – Գիտությունների վաստակավոր գործիչ, բժշկական գիտ. ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտ. ակադեմիայի ակադեմիկոս, ԱՐԹՈՒՐ ԻՇԽԱՆՅԱՆ - ԳԱԱ թղթակից անդամ, ՍՊԱՐՏԱԿ ՂԱՄԲԱՐՈՎ - Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՐԱՉՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ - Բեմադրիչ, ՀՀ վաստակավոր գործիչ, ԺԱՆՆԱ ԹՈՐՈՍՅԱՆ - Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիությունների նախագահ, ՀԵՆՐԻԿ ԳԱՐՈՒԿՅԱՆ – Գեղանկարիչ, ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ - Մշակույթի հայկական հիմնադրամի նախագահ, ԼԵՈՆԻԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ - Երկրաբանական գիտությունների դոկտոր, ԲՈՐԻՍ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ – Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՎԻԼ ՊՈՂՈՍՅԱՆ - Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑ - Բժկական գիտությունների թեկնածու, քաղաքագետ, ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆ - Գրող, կինոսցենարիստ, ԵՐՎԱՆԴ ՄԻՆԱՍՅԱՆ - Բժիշկ-սեքսապաթոլոգ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ – Լրագրող, ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ - «Էկոնոմիկա» ամսագրի հիմնադիր-խմբագիր, ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ – Տնտեսագետ, ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ - ԳԱԱ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՎԱՀԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ – Երգահան, ԱՐԱՄ ԳՅՈՒՐՋՅԱՆ - Հոգեբանական գիտությունների թեկնածու, ռեժիսոր, ՎԻԿՏՈՐ ՍՈԼԱԽՅԱՆ - Ֆիզիկոս-տեսաբան, հրապարակախոս, «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հ/կ փոխնախագահ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ - Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՌԱՖԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆ – Դերասան, ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ – Ճարտարագետ, ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ – տնտեսագետ, հրապարակախոս, ՍՈՒՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ - Քաղաքագետ-դիվանագետ, ՍԵՐԺ ԼԵՎՈՆՅԱՆ – Մանկավարժ, ԴՈՒՍՏՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ – Մաթեմատիկոս, ԵԿԱՏԵՐԻՆԱ  ՍԻՄՈՆՅԱՆ - «Համագործակցություն» կանանց հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը